«Ես չէի ուռճացնի խնդիրը». Քերոբյանը` Վերին Լարսի իրավիճակի մասին

Վահան Քերոբյան
Հայաստանից Ռուսաստան գնացող մի քանի տասնյակ բեռնատարներ կանգնած են Վերին Լարսում։ Նախարարը վստահեցնում է` քաղաքական ենթատեքստ չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Վերին Լարսում հայկական կոնյակով բեռնված մեքենաների ստուգումները քաղաքական ենթատեքստ չունեն, բեռնատարներն անցնում են, թեև ոչ բոլորը։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նշենք, որ Վերին Լարսի անցակետում Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 90 բեռնատար է սպասում հսկողության ավարտին։
Քերոբյանի տվյալներով` նախորդ օրվա ընթացքում ալկոհոլային խմիչքով բեռնված մի քանի տասնյակ մեքենա արդեն անցել է։
Ըստ նրա` էկոնոմիկայի նախարարության և կառավարության հիմնական նպատակն է, որ ՀՀ–ում արտադրված ապրանքները լինեն բարձր որակի։
Այդ ուղղությամբ ՀՀ կառավարությունը որոշ ժամանակ առաջ արդեն իսկ սկսել էր գործընթաց, որ ՀՀ–ից արտահանվող խմիչքը լինի բարձր որակի։
«Ես չէի ասի, որ որևէ քաղաքական ենթատեքստ կա։ Որոշ մեքենաներից նմուշառումներ են արվել, և սպասում ենք լաբորատոր փորձաքննության արդյունքներին։ Իսկ մնացած մեքենաներն անցնում են։ Ես չէի ուռճացնի խնդիրը»,– հայտարարեց նախարարը։
Լրագրողների հարցին`արդյոք խնդիրը պայմանավորված է ՀՀ ԱԺ կողմից Հռոմի ստատուտի վավերացմամբ, որի վերաբերյալ բացասական վերաբերմունք է արտահայտել ՌԴ–ն, Քերոբյանը պատասխանեց, որ ինքը դրա մասնագետը չէ, խնդրեց իրեն այլ հարցեր տալ։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ–ն հոկտեմբերի 3–ին կողմ 60, դեմ 22, ձեռնպահ 0 ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։ Ռուսաստանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։