Երևանի ԲԿ–ներում ԼՂ–ից տեղահանված 14 անձի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան

Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարարը շեշտեց` որոշակի դրական դինամիկա է նկատվում արդեն հիվանդանոցներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և Երևանի տարբեր հիվանդանոցներում բուժում է ստանում 319 պացիենտ։ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Բուժհաստատություններում գտնվող 319 պացիենտ կա, որոնցից 117-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ 14-ինը` ծայրահեղ ծանր։ Ուրախալի է, որ որոշակի դրական դինամիկա ունենք, կան անձինք, որոնց վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են բաժանմունքներ, կան նաև դուրսգրումներ։ 5 երեխա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում»,– նշեց Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ 3 երեխա առողջական դրական դինամիկայով արդեն տեղափոխվել է բաժանմունք, ևս 1 նորածին էլ այսօր դուրս է գրվել։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։