ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական Խորհրդի (ԵԽ) նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ ԵՄ–ն «մեծ յոթնյակի» երկրների հետ միասին շարունակում է պատժամիջոցներ նախապատրաստել Ռուսաստանի ալմաստների դեմ, պատժամիջոցները պետք է գործեն հաջորդ տարվանից։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կշարունակենք Ուկրաինային աջակցել ռազմական, քաղաքական և ֆինանսական օգնությամբ... Կշարունակենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Այժմ մենք G7–ի հետ միասին ջանքեր ենք գործադրում, որպեսզի պատժամիջոցներ սահմանենք Ռուսաստանի ալմաստների դեմ` սկսած հաջորդ տարվանից», – հայտարարել է նա Իսպանիայում Եվրոպական քաղաքական հանրության երրորդ գագաթնաժողովի բացմանը, որին ներկա է Վլադիմիր Զելենսկին։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ G7 երկրները, իսկ նրանցից հետո նաև ԵՄ–ն մտադիր են առաջիկայում հայտարարել ՌԴ ալմաստների և ադամանդների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Սպասվում է, որ պատժամիջոցները կգործեն 2024 թվականի հունվարի 1-ից։ Միևնույն ժամանակ ալմաստի համաշխարհային շուկայի խոշորագույն ներկայացուցիչները նախատեսվող պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ–ում վերջերս տեղի ունեցած մասնավոր շնորհանդեսի ժամանակ սահմանափակումների մեխանիզմները չեն հաստատել։