ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի խոշոր առևտրային ցանցերում իրականացվում են պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ։ Տեղեկությունը հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) մամուլի ծառայությունը։
«Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ, և մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Ընդ որում, մեծաքանակ գնումների իրականացումը կարող է խնայողությունների հակառակ դրսևորումներ ունենալ. փչացման արդյունքում կորուստները կարող են առավել ծախսատար լինել»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ ՄՊՀ–ն պարբերաբար դիտարկում է կենտրոնացվածության բարձր մակարդակ ունեցող շուկաներում գների վրա ազդող գործոնների և գների տատանումների համարժեքությունը։
Մրցակցության օրենսդրության խախտումներ բացահայտելու դեպքում հարուցվում են վարույթներ։
Նշենք, որ վերջին շրջանում սուպերմարկետներում հաճախ կարելի է տեսնել անձանց, որոնք գերբեռնված զամբյուղներով կամ սայլակներով առևտուր են անում։ Հիմնականում գնում են այն, ինչ չի փչանում կամ ուշ կփչանա` մակարոնեղեն, նպարեղեն, ձեթ, կարագ և այլն։