ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի ու Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4–ամսյա կալանքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշենք, որ Արցախի նախկին պաշտոնյաները ձերբակալվել էին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և տեղափոխվել Բաքու, նրանց մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի ՔՕ տարբեր հոդվածներով:
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները Հակարիի կամուրջը հատելիս ձերբակալել էին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տասնյակից ավել հոդվածներով, Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում։