ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Արևմուտքում կորցրել են իրականության զգացումը, խախտել բոլոր կանոնները։ Այս մասին «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի նիստի ընթացքում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Արևմուտքի հետ հարաբերությունների մասին
«Ցավոք, ստիպված ենք փաստել, որ Արևմուտքի մեր կոնտրագենտները կորցրել են իրականության զգացումը, անցել հնարավոր բոլոր սահմանները։ Իզուր», – ասել է Պուտինը։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանի փաստարկներն ու հորդորները անտեսվում էին, և Արևմուտքը չի կարողանում կանգ առնել բնական, տեխնոլոգիական և մարդկային ռեսուրսները պահպանելու համար վառելիքի կլանման հարցում։
«Արևմուտքի բարեկեցությունը մեծապես ձեռք է բերվել դարեր շարունակ գաղութները թալանելու շնորհիվ։ Չէ՞ որ, դա փաստ է: Փաստորեն, զարգացման այս մակարդակը մեծամասամբ ձեռք է բերվել ողջ մոլորակը թալանելու միջոցով: Արևմուտքի պատմությունը, ըստ էության, անվերջ զավթողականության տարեգրություն է», – հայտարարել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով` Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի խնդիրը նրա աշխարհագրական շահերն են, այլոց նկատմամբ ամբարտավան վերաբերմունքն ու ինքնավստահությունը։ Բացի այդ, Արևմուտքի մի շարք երկրներում իշխող էլիտաները ստիպում են ընդունել այն նորմերն ու կանոնները, որոնք բնակչության մեծ մասն ընդունել չի ցանկանում, բայց նրանց պարտադրում են։
Հորինված կանոնների մասին
ՌԴ նախագահն ասել է, ԱՄՆ–ն Եվրոպային պարտադրում է իր տնտեսական գիծը, օրենքները փորձում են փոխարինել ինչ-որ կանոններով, դա ինչ-որ հիմարություն է և անհեթեթություն։
«Այդ նպատակով միջազգային իրավունքը փորձում են փոխարինել կարգով, ի՞նչ կարգ։ Ինչ–որ կանոնների վրա հիմնված, ի՞նչ կանոններ։ Ի՞նչ կանոններ են դրանք։ Ովքե՞ր են դրանք հորինել։ Բոլորովին անհասկանալի է։ Դա պարզապես հիմարություն է, անհեթեթություն։ Մի բան էլ փորձում են միլիոնավոր մարդկանց գլուխը մտցնել։ Պետք է ապրել կանոններով, ո՞ր կանոններով», – ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով` արևմտյան գործընկերները բոլորին փորձում են սովորեցնել, թե ով և ինչպես պետք է իրեն դրսևորի տնտեսության մեջ, ու արվում է դա գռեհիկ ձևով. դա գաղութային մտածելակերպի դրսևորում է։
«Ժամանակն է ձերբազատվել այդ մտածելակերպից։ Ուզում ես ասել` աչքերդ բացեք։ Գաղութային դարաշրջանը վաղուց ավարտվել է և երբեք այլևս չի վերադառնա», – ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ ներկայիս աշխարհում ինքնիշխանություն հասկացությունը մերժվում է, «աղբամանն» ուղարկվում, աշխարհը «մենք և նրանք» դիմակայման է մեջ է, դա ХХ դարի ժառանգությունն է։
Ռուսաստան–Արևմուտք
Վլադիմիր Պուտինը նշել է, որ Արևմուտքի ինքնավստահությունը չափից ավելի է, ԱՄՆ–ն և նրա արբանյակները հեգեմոնիայի ճանապարհն են բռնել` ռազմական, քաղաքական, տնտեսական, մշակութային և նույնիսկ բարոյական, Ռուսաստանին որևէ մեկը մտադիր չէ լսել։
«Այս տարիների ընթացքում մենք բազմիցս նախազգուշացրել ենք, որ նման մոտեցումը ոչ միայն փակուղի է տանում, այլև կարող է հանգեցնել ռազմական հակամարտության սպառնալիքի մեծացմանը։ Սակայն մեզ ոչ ոք մտադիր չէր լսել, ոչ ոք չէր լսում», – ասել է նա։
Ընդ որում, Պուտինի խոսքով, ԱՄՆ ընտրություններից հետո ներքաղաքական շեղումներ են հնարավոր, և լրիվ հակառակն է քարոզվելու։
«Պարադոքսն այն է, որ արդեն վաղը իրավիճակը կարող է փոխվել։ Դա է խնդիրը։ Օրինակ` ներքաղաքական շեղումներ տեղի կունենան հերթական ընտրություններից հետո։ Եվ նույն ճնշմամբ և աննրբանկատությամբ բոլորովին այլ բան է առաջ մղվում, երբեմն լրիվ հակառակ», – ասել է նախագահը։
Նրա խոսքով` ամենավատ օրինակը Իրանի միջուկային ծրագիրն է, երբ մի վարչակազմը մի որոշում առաջ մղեց, իսկ երբ եկավ մյուսը` լրիվ հակառակ որոշում կայացրեց։
«Վալդայ» միջազգային բանավեճային ակումբը առաջատար արտասահմանյան և ռուսաստանցի փորձագետների միություն է քաղաքագիտության, տնտեսագիտության, պատմության և միջազգային հարաբերությունների ոլորտում։ Ակումբն իր հիմնական նպատակներից մեկն է համարում համաշխարհային ինտելեկտուալ էլիտայի համախմբումը համաշխարհային ճգնաժամերի հաղթահարման լուծումները մշակելու համար։