ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված 99 342 մարդ արդեն հաշվառվել է։ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ Հայաստան ժամանածների թվի մեջ փոփոխություն չի եղել (100 632 անձ)։
«Ժամանած անձանցից 73 453-ը տեղաբաշխված են տարբեր մարզերում։ Նրանցից մոտ 51 000-52000 անձի կացության հարցը լուծվել է։ Մնացած դեպքերում պետությունն օժանդակություն է տրամադրել` սնունդ, հիգիենայի պարագաներ և այլն»,– ասաց Բաղդասարյանը։
Քաղաքացիների բաշխվածությունն ըստ մարզերի հետևյալ կերպ է` Արագածոտն մարզ՝ 3 771, Արարատի մարզ` 17 139, Արմավիրի մարզ ` 7 728, Գեղարքունիքի մարզ ` 5 097, Լոռու մարզ ` 4 477, Կոտայքի մարզ` 20 694, Շիրակի մարզ` 3 359, Սյունիքի մարզ` 5 762, Վայոց Ձորի մարզ` 2 370, Տավուշի մարզ` 3 056։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։