Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը. Սենատի կոմիտեի ղեկավար

Ամերիկացի սենատորը կարծում է, որ Վաշինգտոնը պետք է իր համերաշխությունը հայտնի Երևանին, ինչպես նաև օգնություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղից արտաքսված հայերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ոլորտում օգնություն տրամադրել, քանի դեռ նա չի դադարեցրել հայ ժողովրդի դեմ իր արշավը: Այս մասին ասվում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բեն Քարդինի (դեմոկրատ, Մերիլենդ նահանգից) հայտարարության մեջ, որը հրապարակվել է կառույցի կայքում:
«Գրեթե մեկ տարի տևած սարսափելի շրջափակումից հետո նախագահ Ալիևը, ի վերջո, օգտագործեց ռազմական հզորությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար՝ ոչնչացնելով հայ բնակչությունն ու նրա հարուստ պատմությունը: Քանի որ աշխարհը շարունակում է առերեսվել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներ իրականացնելու համակարգված, կանխամտածված արշավի հետ, մենք պետք է միաժամանակ առաջնահերթ ուշադրություն դարձնենք արտաքսված հայերին աջակցելուն, ինչպես նաև Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն»,-նշվում է հայտարարության մեջ:
Սենատի կոմիտեի ղեկավարի տեսանկյունից` ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանին տարածքային նվաճումներ իրականացնելու նպատակով հետագա ռազմական ոտնձգություններից հետ պահելու համար, այդ թվում՝ կտրուկ դատապարտելով նրա հրահրիչ հռետորաբանությունը:
«ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ոլորտում ցուցաբերվող օգնությունը, քանի դեռ նա չի դադարեցրել իր դաժան արշավը։ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը նաև պետք է հաստատեն ռազմական հանցագործությունների և վայրագությունների փաստագրման հանձնառությունը, ինչպես նաև շարունակեն աջակցել ռազմագերիներին վերադարձնելու ջանքերին, որոնցից շատերին Ադրբեջանը շարունակում է կալանքի տակ պահել»,-ասվում է հայտարարության մեջ։
Արևմուտքը չի հարգում իր իսկ արժեքները. Մարուքյանի կոչը արևմտյան գործընկերներին
Սենատորը նշել է, ոչ Վաշինգտոնը պետք է համերաշխություն հայտնի հայ ժողովրդին հատկապես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցի կապակցությամբ, որի մասին խոսում են Ադրբեջանն ու Թուրքիան:
«Մենք պետք է ավելացնենք մարդասիրական աջակցությունն այն էթնիկ հայերին, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը։ Բացի այդ, ԱՄՆ-ն պետք է շարունակի աջակցել Հայաստանի ղեկավարության կողմից վերջին տարիներին իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, այդ թվում ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի հետ թափանցիկության, պատշաճ կառավարման և տնտեսական համագործակցության ավելի լայն առաջխաղացման ջանքերին»,-նշում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100632 մարդ։