Ալիևի դեմարշը ցույց տվեց, որ Արցախով չի բավարարվելու. Խաչատրյան

Արթուր Խաչատրյան
Պատգամավորը համոզված է, որԱդրբեջանը հրաժարվել է Գրանադայի հանդիպումից, քանի որ լրացուցիչ պահանջներ է ներկայացրել իշխանություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմարշը նշանակում էր, որ նրանք միայն Արցախով չեն բավարարվելու։ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը
Նրա խոսքով` ՀՀ իշխանություններն են ազդանշան տվել Ադրբեջանին, որ իրենք որևէ կերպ չեն միջամտելու ադրբեջանական ագրեսիայից հայ ժողովրդին պաշտպանելու հարցում։
«Ադրբեջանական ագրեսիայի օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է ինչ-որ թուղթ ստորագրել։ Դա նշանակում է՝ Արցախը կտանք հանուն ինչ-որ թղթի։ Հավանաբար հույս ունեին, որ Ադրբեջանն իր արյան ծարավը կհագեցնի միայն Արցախով, բայց Ալիևի երեկվա դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու և լրացուցիչ պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին։ Այն, ինչի մասին մենք զգուշացել ենք, որ Ադրբեջանը չի բավարարվելու միայն Արցախը զոհելով կամ խժռելով»,– ասաց Խաչատրյանը։
Ըստ նրա` Ադրբեջանի առաջնային պահանջն ամենայն հավանականությամբ եղել է այսպես կոչված անկլավները, որի «լեգիտիմությունը» Ադրբեջանին տվել է Փաշինյանը՝ ասելով, որ այդ անկլավները կան։
Հաջորդ պահանջն էլ, Խաչատրյանի կարծիքով, եղել է միջանցքի հարցը։
Հիշեցնենք` այսօր Գրանադայում պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ հայտնեցին, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մեկնել Իսպանիա, պատճառը Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշումն է, ինչպես նաև այն, որ Փարիզն ու Բեռլինը համաձայն չեն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցի հանդիպմանը։
Ավելի ուշ Փաշինյանը հաստատեց, որ հնգակողմ հանդիպումը չի կայանա, բայց իր գլխավորած պատվիրակությունն այնուամենայնիվ կմեկնի Իսպանիա։