ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն, որը փոխանցվել է նրա մերձավոր ազգականներին: Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
Ադրբեջանը տեղեկատվությունը տրամադրել է հայկական կողմի` ՄԻԵԴ ներկայացված դիմումի համաձայն։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանից անձանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես այն փոխանցվում է վերջիններիս հարազատներին»,– պարզաբանել են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, երբ նա փորձել է լքել Արցախը։ Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, և ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։