Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ժամանակը դեռ չի եկել. Մակրոն

Նիկոլ Փաշինյան, Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է աջակցել ՀՀ իշխանություններին «ցանկացած ապակայունացումից խուսափելու» համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի դեմ պատժամիջոցները հակաարդյունավետ կլինեն, պետք է շարունակել երկխոսությունը Բաքվի հետ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Պատժամիջոցների ժամանակը չի եկել։ Դրանք հակաարդյունավետ կլինեն և թույլ չեն տա լավագույնս պաշտպանել ՀՀ տարածքն ու նրա բնակչությանը։ Պարզության և պահանջկոտության, աջակցության ժամանակն է, այդ թվում ռազմական, ինչի մասին հայտարարել է Ֆրանսիան, այլ ոչ թե պատժամիջոցների, քանի որ անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը Ադրբեջանի հետ», – ասել է Մակրոնը Գրանադայում Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում, որը հեռարձակվում էր X սոցցանցի՝ Ելիսեյան պալատի պաշտոնական էջում։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է աջակցել ՀՀ իշխանություններին «ցանկացած ապակայունացումից խուսափելու» համար։
Նրա խոսքով` Եվրոպայում պետք է շարունակեն կոչ անել նախագահ Ալիևին բանակցությունների սեղանի շուրջ նստել։
Նա նշել է, որ հենց դա է պատճառը, որ պահպանում է միջնորդական նախաձեռնությունը Բրյուսելում և ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել ճնշում գործադրել։