ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 5-ին 1 վճիռ և 3 որոշում է հրապարակել հօգուտ Հայաստանի` նախորդ տարիներին Ադրբեջանի քաղաքացիների ներկայացրած հայցերի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։
Մասնավորապես, «Գուրբանովն ընդդեմ Հայաստանի» գործի շրջանակներում հայցվորը բողոքել է, որ հայկական կողմը ձգձգում է իր որդու մարմինը վերադարձնելու գործընթացը։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանը Մարդու իրավունքների կոնվենցիայի 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 14-րդ (խտրականության արգելք) հոդվածների խախտումներ թույլ չի տվել: 3-րդ հոդվածով (խոշտանգումների արգելում) բողոքի շրջանակներում դատարանն անընդունելի է ճանաչել հայցվորի պահանջը։
Եվս մեկ հայց էլ վերաբերում էր 2015 թվականին Լեռնային Ղարաբաղում դատապարտված և 2020 թվականի դեկտեմբերին փոխանակման շրջանակներում Ադրբեջանին հանձնված 2 ահաբեկչի՝ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին:
«Ասկերովան և Վեսելովան ընդդեմ Հայաստանի» գործով դատարանն ամբողջությամբ անընդունելի է ճանաչել Հայաստանի կողմից դատապարտյալների կոնվենցիոն իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոքը:
«Ալիևը և Ալլահվերդիևն ընդդեմ Հայաստանի» գործերով էլ, որոնք վերաբերում էին 2016 թ. ապրիլյան պատերազմի ընթացքում դիմումատուների կոնվենցիոն մի շարք իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի ենթադրյալ խախտումներին, ՄԻԵԴ-ը գանգատները ճանաչել է անընդունելի։
Անընդունելի են ճանաչվել նաև «Հակոբյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Օհանյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերը: