ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին ասել է, որ Զանգեզուրի միջանցքը ՆԱՏՕ-ի համար կդառնա հենակետ։ Այս մասին X-ում գրել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։
«Հայաստանի ԱԽ քարտուղարը և Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնացը զեկույցներ են ներկայացրել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին։ Երկու հանդիպումներում էլ նախագահը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» ազգային անվտանգության սպառնալիք է երկրների համար, ուստի Իրանը վճռականորեն դեմ է «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծվել, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի, իսկ հակամարտությունները լուծվեն երկխոսության միջոցով։