Վառելիքի պայթյունից տուժածներին փրկելու համար ներգրավվել են այլ երկրների թիմեր. նախարար

Այս պահին Իսրայելից 10 բժիշկներ գտնվում են Հայաստանի բժշկական կենտրոններում և օգնում են բժիշկներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik.Ստեփանակերտի մերձակայքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների վիճակը ծանր ու ծայրահեղ ծանր է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ խոսքը շուրջ 100 պացիենտի մասին է։
«Այդ պացինետներն այս պահին գտնվում են հիմնականում Այրվածքաբանության ազգային կենտրոնում և նաև մյուս բժշկական կենտրոններւոմ։ Ցավոք սրտի, նրանց մեծ մասի վիճակը ծանր և ծայրահեղ ծանր է։ Միջին ծանրության քիչ պացիենտներ ունենք»,–ասաց նախարարը։
Ավանեսյանը հայտնեց, որ ներգրավվել են այլ երկրներից մասնագետների թիմեր, այս պահին էլ Իսրայելից 10 բժիշկներ գտնվում են բժշկական կենտրոններում, օգնում են բժիշկներին։
«Անում ենք ամեն ինչ, պայքարում ենք նրանց կյանքի համար։ Այլ երկրների կլինիկաների հետ ևս աշխատում ենք, որպեսզի այն պացինետներին, որոնց ցուցված է նաև հավելյալ արտերկրում բուժում, դա ևս կապահովենք»,–ընդգծեց նա։
Նախարարը նաև հավելեց, որ դեղորայքի և որևէ այլ բանի կարիք չունեն։
Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել։
Հաստատված մահերի թիվը 68 է: 21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ: Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը սեպտեմբերի 26–ին տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ։