Թուրքիայում «հակաահաբեկչական գործողության» ընթացքում ձերբակալվել է 37 մարդ

Արխիվային լուսանկար
Թուրքիայի ուժայինները «Հերոսներ» օպերացիան իրականացնում են ամբողջ երկրում Անկարայի կենտրոնում ՆԳՆ շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության փորձից հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրեթե 40 ենթադրյալ անդամներ ձերբակալվել են երկրի 15 նահանգներում թուրք ուժայինների հակաահաբեկչական գործողության ընթացքում։ Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Անջատողական ահաբեկչական կազմակերպության դեմ «Հերոսներ» գործողության շրջանակներում Ստամբուլում, Վանում, Շանլըուրֆայում, Էլազիգում, Դյուզջայում, Դիարբեքիրում, Բուրսայում, Էդիրնում, Քըրքլարելիում, Քիլիսում, Իգդիրում, Հաթայում, Ադանայում, Քահրամանմարաշում և Դենիզլիում ձերբակալվել են 37 ենթադրյալ անդամներ: Նույն գործողությունների շրջանակներում չեզոքացվել են 2 ահաբեկիչներ, որոնք փորձել են Աղրի քաղաքից փախչել սահմանից այն կողմ»,- գրել է Երլիկայան X սոցիալական ցանցում:
Թուրքիայի ուժայինները «Հերոսներ» հակաահաբեկչական գործողություն են իրականացնում ամբողջ երկրում մի քանի օր առաջ Անկարայի կենտրոնում ՆԳՆ շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության փորձից հետո, որի ընթացքում ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, մյուսը չեզոքացվել է: Փոխհրաձգության ընթացքում ոստիկանության երկու աշխատակիցներ թեթև վնասվածքներ են ստացել։
Ինչպես հաղորդում է «А Haber» հեռուստաալիքը, Թուրքիայում արգելված ՔԱԿ-ն ստանձնել է ահաբեկչության փորձի պատասխանատվությունը:
Այս իրադարձություններից հետո Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է Իրաքի հյուսիսում ՔԱԿ-ի զինյալների օբյեկտներին օդային հարվածների և զինյալների 20 օբյեկտների ոչնչացման մասին: