ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել, որի ընթացքում Ճապոնիան պատրաստակամություն է հայտնել հնարավորինս նպաստել ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի հաղթահարման հարցում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Հայկական կողմի ներկայացուցիչը եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, իսկ ճապոնականը՝ ԱԳ նախարարի փոխօգնական, Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ Մասակի Իկեգամին:
«Սաֆարյանը զրուցակիցներին մանրամասն ներկայացրել է սեպտեմբերի 19-ից 20-ը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման և ԼՂ-ի էթնիկ զտման քաղաքականությունը։ ՀՀ փոխարտգործնախարարը խոսել է նաև այդ գործողությունների և քաղաքականության հետևանքով ԼՂ ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման ու ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Մասակի Իկեգամին էլ նշել է, որ ճապոնական կողմը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է երկկողմ բարձրաստիճան այցերի ակտիվացման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել նաև առևտրատնտեսական, գիտակրթական և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման և խորացման վերաբերյալ: