ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի հետ հարաբերություններում ՀՀ իշխանությունների սխալները զրոյացնում են հայկական դիվանագիտության բոլոր ջանքերը Մոսկվայի հետ ամենատարբեր մակարդակներով հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: «Անավարտ պատերազմ. նոր մարտահրավերներ» խորագրով կլոր սեղանի ժամանակ այս հայտարարությունն արեց Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս, ԱԺ նախկին փոխնախագահ Հրայր Կարապետյանը։
Նա հավելեց, որ հայկական կողմն ամեն ինչ անում է Ռուսաստանին Հարավկովկասյան տարածաշրջանից դուրս մղելու համար: Այսինքն՝ տեղական իշխանությունները կատարում են արևմտյան քաղաքական ուժերի պատվերը, և Մոսկվայում շատ լավ գիտակցում են դա։
«Ցավոք, իշխանություններն իրար հետևից սխալներ են թույլ տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Սխալների շարքը սկսվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությունից։ Եվ Հռոմի կանոնադրությունը վավերացնելով՝ հայկական իշխանությունը շարունակում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարել։ Մեր արտաքին քաղաքականությունն այնպես է անում, որ ՌԴ-ում դիվանագիտական խողովակները չաշխատեն, որ դիվանագիտությունը կտրված լինի ամբողջ աշխարհի սփյուռքի ուժերից։ Հայկական լոբբիստներին հետապնդում են, վարկաբեկում, քայլեր են ձեռնարկվում սփյուռքը պառակտելու համար»,- արձանագրեց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ դրա պատճառով առաջացած քաղաքական վակուումը ակտիվորեն զբաղեցնում է Ադրբեջանը, որը, տնտեսական շահերի համընկնման վրա խաղալով, նույնիսկ Ալիև ավագի հին կապերն օգտագործելով, հզոր ադրբեջանամետ լոբբի է ձևավորել Ռուսաստանում, որի առաջ մենք այսօր անզոր ենք:
Ըստ քաղաքական գործչի` իրականությունն այն է, որ Հայաստանն աստիճանաբար կորցնում է անվտանգության ոլորտի գործիքակազմը, որ ուներ, այդ թվում` ՀԱՊԿ-ի շրջանակում, իսկ տնտեսական առումով՝ ԵԱՏՄ-ի անդամակցության շնորհիվ։ Նա համոզված է, որ ամեն ինչ տանում է նրան, որ Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից, և Ռուսաստանում դա շատ լավ գիտակցում են։
«Սովորաբար խոսում են անվտանգության ոլորտի սպառնալիքների մասին, բայց չգիտես ինչու լռում են տնտեսական խնդիրների մասին։ Վերին Լարսում արդեն 600-700 բեռնատար է կանգնած մնացել։ Հայկական կոնյակն այլևս չի արտահանվում։ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կդադարեցվի արտահանումը ռուսական շուկա ։ Մենք Եվրոպայում շուկա ունե՞նք: Իհարկե ոչ։ Ստանո՞ւմ ենք արդյոք անվտանգության երաշխիքներ Եվրոպայից։ Իհարկե, չենք ստանում։ Մենք չպետք է երկիրը հասցնենք տնտեսական կոլապսի, որին տանում են։ Վաղը մենք կարող ենք այնպիսի տնտեսական շրջափակման մեջ հայտնվել, որ նախանձենք Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման «մութ ու ցուրտ» տարիներին»,-ընդգծեց փորձագետը։
Նա ընդգծեց` «քաղաքական խաղերի» ժամանակն անցել է։ Իրավիճակը փոխվել է, և նույնիսկ ամենաթույլ զարգացած աֆրիկյան երկիրը հստակ գիտակցում է՝ այսօր «միջին» չի կարող լինել` կա՛մ «այստեղ» ես, կա՛մ «այնտեղ»։
Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ընտրի այն բևեռը, որի միջոցով երկիրը կկարողանա ապահովել իր անվտանգությունը, լուծել տնտեսական խնդիրները, այսինքն՝ հստակեցնել այն արտաքին խաղացողներին, որոնց շահերը համընկնում են Երևանի շահերի հետ։ Նրա խոսքով` տվյալ դեպքում Հայաստանը պետք է ընտրի «չարյաց փոքրագույնը», քանի դեռ պահպանվել է անվտանգության, այդ թվում՝ տնտեսական անվտանգության գործիքակազմի մի մասը:
Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոսը նաև նշեց, որ Հայաստանը պետական ռազմավարություն, զարգացման գաղափարախոսություն չունի: Մենք չգիտենք, թե ուր ենք գնում, թե որն է մեր արտաքին և ներքին քաղաքական գիծը։
«Խաղաղությունը չի կարող երկրի զարգացման գաղափարախոսություն լինել։ Բոլոր երկրներն էլ ուզումեն խաղաղ ապրել։ Առաջին հերթին մեզ պետք է ազգային շահերից բխող պետական ռազմավարություն։ Նման ռազմավարությունը ենթադրում է նաև այնպիսի իշխանության առկայություն, որն անշեղորեն կկատարի դրա դրույթները և կկարողանա ճանապարհային քարտեզ մշակել կորցրած դիրքերը վերադարձնելու համար։ Ընդդիմությունը պետք է պետական ռազմավարություն մշակի և քաղաքացիներին բացատրի, թե ուր է պատրաստվում տանել երկիրը։ Իսկ դատարկ ճառերով շատ կողմնակիցներ չես հավաքի։ Եթե գործողությունների հստակ ծրագիր ներկայացվի, ես համոզված եմ, որ այն կստանա ժողովրդի աջակցությունը»,- ընդգծեց նա։
Նշելով, որ այսօր Հայաստանի համար աղետալի իրավիճակ է ստեղծվել արտաքին քաղաքական ասպարեզում, Կարապետյանը չբացառեց, որ առաջիկայում իրավիճակը կարող է փոխվել: