ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Այս պահի դրությամբ Շիրակի մարզում կացարանով ապահովված է Արցախից բռնի տեղահանված 3291 անձ։ Տեղեկությունը ճեպազրույցի ընթացքում հայտնեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Նրա խոսքով` Գյումրիում կացարանով ապահովված է 2020 անձ` 515 ընտանիք։ Հյուրատներում այս պահին բնակվում է 454 անձ, վարձակալությամբ բնակվում է 1138–ը։ Անհատույց հյուրընկալվել է 428 մարդ։
Արթիկ համայնքում կացարանով ապահովված է 301 անձ` 81 ընտանիք, հյուրատներում և հյուրանոցներում գտնվում է 10 անձ, վարձակալությամբ բնակվում է 31 անձ, իսկ անհատույց հյուրընկալվել են 260–ը։
Աշոցք համայնքում կացարանով ապահովված է 275 անձ` 61 ընտանիք։ Հյուրանոցներում և հյուրատներում այժմ բնակվում է 155 անձ, անհատույց հյուրընկալվել են 120–ը։
Անի համայնքում կացարանով ապահովված է 282 անձ` 82 ընտանիք։ 10 անձ բնակվում է վարձակալությամբ, իսկ անհատույց հյուրընկալվել են 272–ը։
Ամասիա համայնքում կացարանով ապահովված է 88 անձ` 24 ընտանիք։ 9 անձ բնակվում է վարձակալությամբ, իսկ 79 անձ անհատույց հյուրընկալվել է։
Ախուրյան համայնքում կացարանով ապահովված է 325 անձ` 82 ընտանիք։ Հյուրանոցներում և հյուրատներում այժմ բնակվում է 10 անձ, վարձակալությամբ բնակվում են 315–ը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։