ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգային իրավիճակի վերաբերյալ այլ հարցեր։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին
© Photo : ՀՀ ՊՆ/MoD of Armenia
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 14:25-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ էին բացել Կութի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Կրակոցների հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող Արման Տիգրանի Քոչարյանը, իսկ երկու զինծառայողներ ստացել էին հրազենային վիրավորումներ և տեղափոխվել հոսպիտալ։ Կրակոցներից վնասվել է նաև «ԿԱՄԱԶ 43114» մակնիշի ավտոմեքենան։