ՌԴ-ն ԼՂ նախկին ղեկավարությանն ազատ արձակելու հարցում աջակցելու դիմում չի ստացել․ ԱԳՆ

Զախարովան շեշտել է, որ որևէ մեկն այդ հարցով պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես չի դիմել Ռուսաստանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների և այլ անձանց ձերբակալությունները:
Հարցին, թե Մոսկվան ինչ-որ բան անում է նրանց ազատ արձակելու համար, Զախարովան պատասխանել է` այդ թեմայով հարցերը պետք է ուղղել Հայաստանի ԱԳՆ-ին։
«Ձեր նշած քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ են։ Նրանցից մեկը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ինչ-որ մեկն ի սկզբանե միայն ՀՀ քաղաքացիություն է ունեցել: Մեզ ուղղված պաշտոնական կամ ոչ պաշտոնական դիմումներ չեն եղել», - ասել Է Զախարովան։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։