ՄԱԿ–ի արձագանքը չի կարող բավարար համարվել. Մհեր Մարգարյանը` Ալիս Վաիրիմու Նդերիտուին

Մհեր Մարգարյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուին. Արխիվային լուսանկար
Մհեր Գրիգորյանը Ալիս Վաիրիմու Նդերիտուին կոչ է արել ՄԱԿ մարմինների հետ համատեղ փաստահավաք այց կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին` նրանց հանդեպ Ադրբեջանի իրականացված ոճրագործությունները փաստագրելու և ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքները ներկայացրել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուին։ Տեղեկությունը հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
Նշվում է , որ քննարկվել են ստեղծված իրավիճակին արձագանքելու ուղղությամբ ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվող գործողությունները:
«ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ ՄԱԿ մարմինների ներկայիս արձագանքը չի կարող բավարար համարվել` կարևորելով այս հարցում Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակի առավել ակտիվ ներգրավումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ արդեն հայաթափված Լեռնային Ղարաբաղ այցելած՝ Ադրբեջանում ՄԱԿ գրասենյակի համակարգմամբ առաքելության կողմից իրավիճակի խեղաթյուրված նկարագրությունը ադրբեջանական կողմից կիրառվում է էթնիկ զտումը կոծկելու և դրանում ՄԱԿ-ի դերը շահագործելու նպատակով:
Մհեր Գրիգորյանը Ալիս Վաիրիմու Նդերիտուին կոչ է արել ՄԱԿ մարմինների հետ համատեղ փաստահավաք այց կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին նրանց հանդեպ Ադրբեջանի իրականացված ոճրագործությունները փաստագրելու և ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու համար:
Հատուկ խորհրդականը վերահաստատել է իր պատրաստակամությունը համապատասխան ջանքեր գործադրելու և ՄԱԿ-ի կողմից իրականացվող գործողություններին ներգրավելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ՄԱԿ առաքելությունը Արցախ է գնացել հոկտեմբերի 1–ին, երբ այն արդեն հայաթափված էր։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հոկտեմբերի 2–ին հայտարարել է, որ մեկ օրում ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման որևէ նշան չի հայտնաբերել, չի ստացել խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություն կիրառելու մասին որևէ հաղորդագրություն, չեն հայտնաբերել սատկած ընտանի կենդանիներ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում։