Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ԼՂ–ում հայ գրեթե չի մնացել, սա էթնիկ զտման օրինակ է. Արարատ Միրզոյան

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Երևանը շարունակելու է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում գրեթե հայեր չեն մնացել, ինչը էթնիկ զտումների վառ օրինակ է։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք դեռ համոզված ենք, որ Հարավային Կովկասում խաղաղությունն այլընտրանք չունի։ Բայց, ցավոք, մենք տեսնում ենք, որ կողմերից մեկը չի կիսում այդ մոտեցումը՝ պարբերաբար դիմելով ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի։ Մի քանի օր առաջ մենք ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին, որի արդյունքում տեղի ունեցավ բնակչության բռնի տեղահանում»,– ասաց նախարարը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ անհնար է հերքել ԼՂ–ում էթնիկ զտումների փաստը։
Միրզոյանը վստահեցրեց, որ կան միջազգային ատյաններ, կան ընթացակարգեր, և Երևանը կհետևի դրանց`ամեն ինչ անելով Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության համար։
Այդուհանդերձ, ըստ նրա, ՀՀ իշխանությունները նախկինի պես գտնում են, որ Ադրբեջանի հետ տարիներով կուտակված բոլոր հարցերն ու խնդիրները կարելի է լուծել քաղաքական երկխոսության միջոցով:
Միրզոյանը կրկին հիշեցրել է, որ ՀՀ–ն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հիմնված տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության փոխադարձ ճանաչման վրա։
Հիշեցնենք, որ ներկայում ՀՀ բուժհաստատություններում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 324 քաղաքացի։
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100632 մարդ։