ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Փարիզը կեղծ հայտարարություններով փորձում է խաղալ ղարաբաղյան հարցի վրա։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանը եռակողմ համաձայնագրի շրջանակում չի կատարել իր պարտավորությունները։
«Ֆրանսիան չէ, որ պետք է խոսի պարտավորությունների մասին։ Ֆրանսիան Մինսկի պայմանավորվածությունների (Ուկրաինայի գծով,– խմբ.) կատարման համահովանավոր և երաշխավոր էր... Կատրին Կոլոննայի փոխարեն ես կլռեի երաշխիքների և երկրների միջև հարաբերությունների կարգավորման պարտավորությունների առումով, երկրներ, որտեղ Ֆրանսիան իրեն միջնորդ է անվանում կամ համարում»,– ասել է Զախարովան։
Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը նա սուտ է որակել և ղարաբաղյան հարցի, տարածաշրջանը լքած հայ բնակչության մարդասիրական ծանր իրավիճակի վրա խաղալու փորձ։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին կանգնեցրել է արյունահեղությունը, համաձայնեցրել եռակողմ հայտարարությունների համալիրը 2020-2022 թվականների ժամանակահատվածում` Բաքվի և Երևանի հաշտեցման այսպես կոչված «ճանապարհային քարտեզը»։
Նրա խոսքով` այդ մշակումները սկսել են պատճենել ԵՄ–ն և ԱՄՆ–ն, այնուհետև աղճատել` սպասարկելով իրենց շահերը և անտեսելով այդ տարածաշրջանի բնակչությանը։
Զախարովայի խոսքով` Ռուսաստանը 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ապահովեց հրադադարը։ ՌԴ խաղաղապահները օգնեցին և օգնում են լուծել տարածաշրջանում մարդասիրական խնդիրները։
«Իսկ ի՞նչ է արել Ֆրանսիան, ի՞նչ է արել Բրյուսելը, ամբողջ ԵՄ–ն։ Գոնե ինչ–որ բան համաշխարհային հանրությանը ներկայացնելու համար։ Խոսքերից ու ձգձգված PR-ից բացի»,– նշել է Զախարովան։
Ըստ նրա` Պրահայում և Բրյուսելում ՀՀ ղեկավարությանը համոզեցին մոռանալ ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության մասին։ ԼՂ բնակիչների կարգավիճակը, անվտանգությունն ու երաշխիքները ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր չեն ամրագրվել։
Դրա հետևանքը դարձավ ներկայիս ճգնաժամը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։