ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի առջև դրված է ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքող հետախուզական ծառայություն ստեղծելու խնդիր, հանրային կառավարման ոլորտում Քրիստինե Գրիգորյանի ունեցած փորձառությունը բավարար է նշված խնդիրները լուծելու համար։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ԱՀԾ ղեկավար է նշանակել Քրիստինե Գրիգորյանը, ով չունի ոլորտի որևէ փորձառություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ։
Անդրադառնալով ԱՀԾ գործառույթներին` Նազելի Բաղդասարյանը նշել է, որ ծառայության հիմնական խնդիրը պետությանն ու հասարակությանը սպառնացող արտաքին վտանգների և հնարավորությունների կանխատեսումն է և քաղաքական որոշումներ կայացնողներին այդ մասին հետախուզական տեղեկությունների տրամադրումը։
«Ծառայությունը քաղաքականապես չեզոք մարմին է և կոչված է ծառայելու բացառապես պետության շահերին: ԱՀԾ-ն նաև սերտորեն համագործակցելու է Հայաստանի Հանրապետության հետախուզական գործառույթ ունեցող մյուս մարմինների ու դերակատարների հետ, Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության ու անվտանգության ամրապնդման համար։ Այս նպատակով ԱՀԾ-ն նաև միջազգային գործընկերների հետ համագործակցություն կհաստատի»,– ասել է նա:
Նազելի Բաղդասարյանը վստահեցրել է, որ ոչ արևելյան, ոչ արևմտյան, ոչ հյուսիսային և ոչ էլ հարավային որևէ ծառայության մոդել Հայաստանի ԱՀԾ–ն ստեղծելու համար չի ընտրվել։
«Մեր քննարկումներում ուղղորդվել ենք բացառապես Հայաստանի Հանրապետության անվտանգային մարտահրավերներն ու արտաքին հետախուզության կարիքներն ու առաջնահերթությունները գնահատելու և ժողովրդավարական հասարակարգին բնորոշ ժամանակակից արտաքին հետախուզության ծառայություն ձևավորելու սկզբունքներով»,– ասել է նա։
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը հիշեցրել է, որ ծառայության մասին օրենքն ընդունվել և ուժի մեջ է մտել դեռևս 2022 թվականի դեկտեմբերին, իսկ նախորդ ինն ամիսների ընթացքում Կառավարությունը հետևողականորեն նախապատրաստվել է ծառայության հիմնադրման գործնական մեկնարկը տալուն։