ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության ընդունումը Ռուսաստանից հեռու մնալու ընդհանուր միտման մի մասն է։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը «Ռուսաստանը և Իբերոամերիկան անհանգիստ աշխարհում. պատմություն և արդիականություն» միջազգային համաժողովի շրջանակում։
«Այս գործողությունը տեղավորվում է, ցավոք, վերջին շրջանում ձևավորված թրենդի մեջ։ Երևանի կողմից մենք ավելի ու ավելի շատ ցուցադրական քայլեր ենք տեսնում՝ ուղղված Ռուսաստանից հեռու մնալուն», - ասել է Ռյաբկովը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը: Դեմ քվեարկեցին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որոնք բոյկոտեցին ընդունման քննարկումը, սակայն ներկայացան քվեարկությանը:
Խորհրդարանի կողմից փաստաթղթի վավերացումից հետո այն պետք է ստորագրի երկրի նախագահը, փաստաթուղթը ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերի ավարտից 60 օր հետո:
2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը սկսել է ՄՔԴ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը՝ դա բացատրելով նրանով, որ Երևանը նոր կարգավիճակով կկարողանա դատարանի առջև բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-22 թվականներին ՀՀ տարածք ներխուժումների ընթացքում)։
2023 թվականի մարտի 24-ին ՍԴ-ն Հռոմի ստատուտը ճանաչել է երկրի հիմնական օրենքին համապատասխան։ Մոսկվան խիստ բացասաբար է ընդունել դրան միանալու` պաշտոնական Երևանի ծրագրերը։
Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ դա ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար, քանի որ «հայ գործընկերներին ի սկզբանե հասցվել է Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացման անընդունելիության մասին դիրքորոշումը այն պայմաններում, երբ այդ կառույցի կողմից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության «ձերբակալման օրդերներ» են տրվել»:
Հայաստանի պաշտոնյաներն իրենց հերթին վստահեցնում են, որ վավերացումը ուղղված չէ ՌԴ-ի դեմ, իսկ Երևանն իրավիճակի վերաբերյալ մի շարք առաջարկներ է ուղարկել Մոսկվային: