Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ

Վարդան Ղուկասյան
Ըստ մեղադրանքի` Վարդան Ղուկասյանն ապօրինի օտարել է 24 անուն անշարժ գույք, որոնց կադաստրային արժեքը կազմել է 35 մլն 690 հազար 403 դրամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ 1999-2012 թվականներին Վարդան Ղուկասյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Գ.Մ.-ի, քաղաքաշինության բաժնի պետեր Հ.Կ.-ի և Ռ.Հ.-ի օժանդակությամբ, ապօրինի օտարել է 24 անուն անշարժ գույք, որոնց կադաստրային արժեքը օտարման օրվա դրությամբ կազմել է 35 մլն 690 հազար 403 դրամ:
««Արդյունքում Ղուկասյանը օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված 16 մլն 60 հազար 815 դրամ կադաստրային արժեքով 4 անուն անշարժ գույք: Դրանց մի մասը Ղուկասյանն օտարել է «Անբերդ» ՍՊԸ-ին, որի հավասարաչափ բաժնետերեր են հանդիսացել ինքն ու եղբայրը` Գ.Ղ.-ն, իսկ մյուս մասն ուղղակի վաճառքով 2006 թվականին օտարել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, իր ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի տնօրեն Ա.Մ.-ին: 2017 թվականին այդ հողամասը նվիրատվության պայմանագրով փոխանցել է Վ.Ղ.-ի որդուն` Ս.Ղ.-ին»,– ասված է հաղորդագրությունում:
Գյումրու նախկին քաղաքապետը հանցավոր ճանապարհով հողամասեր է օրինականացրել. դատախազություն
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին սեփական նախաձեռնությամբ Ղուկասյանի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում` 24 դեպքով՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), 7 դեպքով՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 19 դեպքով՝ 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը) և 4 դեպքով՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով` hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):
Նույն քրեական վարույթի շրջանակներում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վ.Ղ.-ին օժանդակած Գ.Ղ-ի (եղբայր) և Ս.Ղ-ի (որդի) նկատմամբ: