ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Բելգիայից բժիշկների խումբը, որը մասնագիտացած է ծանր այրվածքների բուժման մեջ, այսօր կժամանի Երևան՝ Ստեփանակերտի պայթյունի հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին Բելգիայի ԱԳՆ ղեկավար Հաջա Լաբիբը հայտնել է X սոցցանցի իր էջում։
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած 214 պացիենտ բուժվում են ՀՀ բժշկական կենտրոններում: Չորս տուժածներ բուժումը կշարունակեն Ֆրանսիայում։
Լաբիբը նշել է, որ դեպքից անմիջապես հետո Հայաստանը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Բելգիայի կառավարության օգնությանը, որը որոշել է ուղարկել B-FAST խումբը:
«Բժիշկների խումբը, որը մասնագիտանում է ծանր այրվածքների բուժման մեջ, այսօր մեկնում է Երևան։ Այս թիմը կապ կպահպանի մայրաքաղաքի մի քանի հիվանդանոցների հետ՝ լավագույն փորձի և նոր տեխնոլոգիաների փոխանակման համար»,– հստակեցրել է նախարարը։
Նրա խոսքով ՝ թիմը նաև պատասխանատու կլինի լուրջ այրվածքներով հիվանդներին Բելգիա բժշկական տարհանման նախապատրաստման համար: Բելգիա ուղարկվելուց հետո հիվանդները կբուժվեն Բրյուսելի զինվորական հոսպիտալի այրվածքների կենտրոնում: Բելգիայի ԱԳՆ-ն կապի մեջ է Հայաստանի իշխանությունների հետ ՝ տեղերում արդյունավետ համակարգումն ապահովելու և առաքելությանը աջակցելու համար, հավելել է Լաբիբը:
«Այս առաքելությունն ուղարկելով՝ Բելգիան ի ցույց է դնում իր համերաշխությունը Հայաստանի հետ, որտեղ վերջերս դեսպանատուն է բացել կապերի հետագա ամրապնդման նպատակով», – ընդգծել է ԱԳ նախարարը:
Նշենք, որ B-FAST-ը պետական կառույց է, որը շտապ օգնություն է ցուցաբերում արտերկրում և բաղկացած է ներքին գործերի, քաղաքականության և աջակցության(BOSA), առողջապահության, պաշտպանության և արտաքին գործերի, արտաքին առևտրի և համագործակցության նախարարությունների մասնագետներից: