Ասել, թե ՀՀ–ն մենակ է թողել ԼՂ–ին, ամենաանարդար մեղադրանքն է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը բացատրեց, թե ինչու է հայտարարել, որ ԼՂ բնակչությանն ուղիղ վտանգ չի սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ասել, թե ՀՀ–ն մենակ է թողել Լեռնային Ղարաբաղին, ամենաանարդար մեղադրանքն է, որ կարող է ընդհանրապես հնչել։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ ՀՀ կառավարությունը վերջին երեք տարում ավելի քան 1 մլրդ դոլար ֆինանսավորում է ապահովել ԼՂ–ին։
«Իմ խիստ անձնական կարծիքով` Լաչինի միջանցքի արգելափակումից առաջ ԼՂ–ն ինքնապաշտպանության առումով որևէ բանի պակաս չի ունեցել»,– ընդգծեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ ինքը չի ասել, թե ՀՀ–ն չի միջամտելու ԼՂ–ի դեմ ռազմական գործողություններին, այլ ասել է, որ նպատակը ՀՀ–ին ներքաշելն է ռազմական գործողություններին, որը հայկական կողմը չի անելու, բայց քաղաքական ամբողջական աջակցություն է ցուցաբերել ԼՂ–ին։
«Այդ սադրանքի հիմնական թիրախը եղել ու շարունակում է մնալ ՀՀ–ն, իսկ ես` որպես վարչապետ, իմ առաջնային խնդիրն է ՀՀ անվտանգության ապահովումը, այդ թվում` նաև Լեռնային Ղարաբաղի մեր քույրերի և եղբայրների սիրույն։ Պատկերացրեք, որ պետություն չլիներ, որ նրանց առաջնային կարիքը չկարողանար ապահովել։ Մենք ասում ենք, որ միջազգային օգնության կարիք ունենք, սակայն ձեռք մեկնած ման չենք գալիս աշխարհով մեկ, թե երկու կոպեկ գցեք, որ մենք կարողանանք մեր քույրերին ու եղբայրներին սովամահ չանել»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա չժխտեց, որ հայտարարել է` ԼՂ բնակչությանն ուղիղ վտանգ չի սպառնում, սակայն իր մոտիվացիան եղել է այն, որ այդ մարդկանց նկատմամբ սպառնալիքները չխտացնեն։
«Ես կարող էի այդ պահին այնպիսի հայտարարություն անել, որ ևս 300 մարդ զոհվեր։ Իմ նպատակը եղել է այն, որ որևէ մեկի գլխից հանկարծ մազ չպակասի։ Եվ ես ուրախ եմ, որ իմ հայտարարությունից հետո 105 հազար մեր քաղաքացիներ դժվար, տառապալից, հոգեբանական ծանր վիճակում եկել, հասել են ՀՀ»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանին չբավարարեց Փաշինյանի պատասխանը։
«Դուք ձեր պատասխանից գո՞հ եք։ ԼՂ–ում անհապաղ միջամտելու խնդիր կար, հրոսակները հոշոտում էին մեր ժողովրդին։ Դուք նաև հակասում եք ՀՀ ԱԳՆ–ի դիրքորոշմանը, որը հայտարարեց, որ էթնիկ զտումներ են տեղի ունեցել»,– հայտարարեց Ռուստամյանը։
Փաշինյանը նշեց, որ ՀՀ ԱԳՆ–ն արտահայտում է ՀՀ կառավարության դիրքորոշումը, և այն մարդիկ, որոնք էթնիկ զտման զոհ են դարձել, նրանցից 105 հազարը իր ոտքով եկել է ՀՀ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։