ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Խուսափելով իրերն իրենց անուններով կոչելուց և Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ դատապարտելուց` Արևմուտքը չի հարգում իր իսկ արժեքները, իր իսկ չափանիշները և ինքն իրեն։ Այս մասին իր X-ի էջում գրել է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Մեր արևմտյան գործընկերները խուսափում են հստակ և շիտակ ձևակերպումներից, կարծես թե Ադրբեջանին իրենց հարթակներում պահելու համար, բայց, ի վերջո, Ադրբեջանն իրեն ավելի անկաշկանդ և անպատիժ է զգում ՝ հրաժարվելով մասնակցել ճգնաժամի հարցով նախապես ծրագրված հնգակողմ հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա վաղը Գրենադայում (Իսպանիա)»,– գրել է նա:
Մարուքյանը կարծում է, որ Արևմուտքը պետք է դասեր քաղի իր «մեղմ» ելույթներից և համապատասխան միջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ ՝ նրա կատարած հանցագործությունների համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ պետք է տեղի ունենար հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև հնգակողմ հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։
Նշվում է, որ պատճառը Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշումն է, ինչպես նաև այն, որ Փարիզն ու Բեռլինը համաձայն չեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությանը հանդիպմանը։