Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախից բռնի տեղահանված 4 հազար 145 երեխա ներառված է ՀՀ կրթական տարբեր հաստատություններում

Հաշվառվածների թիվը ընդհանուր դպրոցակահասակ երեխաների շուրջ 20 տոկոսն է կազմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Այս պահին արդեն հաշվառվել է Արցախից բռնի տեղահանված 0–5 տարեկան 7 996, 6–19 տարեկան` 21 266 երեխա։ Ճեպազրույցի ժամանակ վերջին տվյալները ներկայացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«4 145 երեխա արդեն ներառված են ՀՀ կրթական տարբեր հաստատություններում։ Դա ընդհանուր դպրոցակահասակ երեխաների շուրջ 20 տոկոսն է կազմում; Բաշխվածությունը հետևյալն է` Սյունիքի մարզ` 285, Վայոց Ձոր` 112, Գեղարքունիքում` 179, Արարատի մարզում` 758, Կոտայքում` 800, Արագածոտնի մարզում` 223, Արմավիրում` 410, Շիրակում` 177, Լոռիում` 185, Տավուշում` 161 և Երևանում` 850 երեխա»,– նշեց Բաղդասարյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։