ԱՄՆ–ն և ԵՄ–ն դիմել են Մոսկվային. Զախարովան` ԼՂ–ի շուրջ «գաղտնի» բանակցությունների մասին

Մարիա Զախարովան ասել է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելն իրենք են նախաձեռնել հանդիպումը և խնդրել են, որ ռուսական կողմն էլ մասնակցի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «Politico» պարբերականի հաղորդագրությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայից ոչ շատ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս և ամերիկացի համանախագահների և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի գաղտնի հանդիպում է տեղի ունեցել Ստամբուլում:
«Գաղտնիների մասին ես չգիտեմ։ Մեզ դիմել են ԱՄՆ–ն և ԵՄ–ն, խնդրել են հանդիպում իրականացնել։ Ես կասեի` շփումներ անցկացնել։ Հանդիպման նպատակը հետևյալն էր` կողմերը տեսակետներ փոխանակեցին իրավիճակի վերաբերյալ»,– ասել է Զախարովան։
Նրա խոսքով` եթե պատմությունը արևմտյան ԶԼՄ–ներում որպես սադրանք խաղարկվի, ապա Արևմուտքի նպատակը հենց դա էր` հերթական սադրանք ստեղծելը։ Զախարովան շեշտել է` այդ հանդիպման մեջ ոչ մի գաղտնի բան չկա, կարծիքների շարքային փոխանակում է եղել։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։