ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի զինված ուժերը երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ նոր օդային գործողություն են իրականացրել Իրաքի հյուսիսում: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ի առավոտյան Անկարայի կենտրոնում` ՆԳՆ–ի շենքի մոտ, ահաբեկչության փորձի մասին հաղորդագրությունից հետո Թուրքիայի ուժայինները սկսել են «Հերոսներ» հակաահաբեկչական գործողություն իրականացնել ամբողջ երկրում։ «A Haber» հեռուստաալիքը հայտնել է, որ ահաբեկչության փորձի պատասխանատվությունը ստանձնել է ՔԱԿ-ը: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունն այս իրադարձություններից հետո հայտնել է Իրաքի հյուսիսում ՔԱԿ-ի օբյեկտների ուղղությամբ օդային հարվածների մասին:
«2023 թվականի հոկտեմբերի 3-ին` ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով 21:00-ին), ավիահարվածներ են հասցվել ահաբեկիչների օբյեկտներին Իրաքի հյուսիսում։ Ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է 16 օբյեկտ... Իրականացված գործողությունների ընթացքում հայրենական արտադրության սպառազինության առավելագույն կիրառման հաշվին մեծ թվով ահաբեկիչներ են չեզոքացվել, - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ զինված հակամարտությունը վերսկսվել է 2015 թվականին: Իրաքի հյուսիսում տեղակայված են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի ԶՈւ-ն օդային և ցամաքային գործողություններ է իրականացնում: Մոսուլից հյուսիս-արևելք գտնվող Զլիկան ճամբարում թուրք զինվորականների ներկայությունը վեճի թեմա է դարձել Բաղդադի և Անկարայի միջև։ Թուրքիան այդ ներկայությունն արդարացնում է երկրում արգելված ՔԱԿ-ի դեմ պայքարի անհրաժեշտությամբ: