Սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի. հանդիպել են Գրիգորյանն ու Ռայիսին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը . Արխիվային լուսանկար
Նշվում է, որ ՀՀ ԱԽ քարտուղարի և Իրանի նախագահի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Իրանում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպման ժամանակ հանդես են եկել սահմանների անձեռնմխելիության սկզբունքի, հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ քարտուղարի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը Թեհրանում է աշխատանքային այցի շրջանակում։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծվել, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի, իսկ հակամարտությունները՝ լուծվեն երկխոսության միջոցով»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ կարևորվել է այդ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման շարունակականությունը:
Էբրահիմ Ռայիսին Արմեն Գրիգորյանին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը Թեհրան է մեկնել հոկտեմբերի 1-ին։ Նա այնտեղ հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, ինչպես նաև Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ Ալի Աքբար Ահմադիանի հետ։