ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Այրվածքաբանության ազգային կենտրոնում այցելել է Արցախում վառելիքի պայթյունից տուժած քաղաքացիներին։ Տեղեկությունը հայտնում է Առաջին լրատվական ալիքը։
Նշվում է, որ Կոլոննան կենտրոնին է փոխանցել Ֆրանսիայի հումանիտար օգնությունը։
Նա տեղեկացրել է` մտադիր են 4 բուժառուի տեղափոխել Ֆրանսիա` բուժումն այնտեղ շարունակելու նպատակով։
«Իմ այցն արտահայտում է Ֆրանսիայի բարեկամությունը, բայց ոչ միայն բարեկամությունը, այլև աջակցությունը, նաև դիվանագիտական համերաշխությունը: Ֆրանսիան արագ արձագանքեց ողբերգությանը, որ մարդիկ ուժի սպառնալիքով ստիպված են եղել թողնել տները և դառնալ բռնի տեղահանված: Կշարունակենք լինել ձեր կողքին»,– ասել է նա:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ տեսնելով ԼՂ-ում իրավիճակի վատթարացումը, լիակատար շրջափակումը, որը միջազգային իրավունքի խախտում է, արդեն որոշել են մեծացնել Հայաստանին աջակցությունը: Կոլոննան ընդգծել է` հիմա արդեն այդ աջակցությունը հասցրել են 12,5 մլն եվրոյի՝ բռնի տեղահանվածներին օգնության համար:
Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։
Արցախի բուժհաստատություններից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, նրանց մեծ մասը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Հաստատված մահերի թիվը 76 է (6 բուժառու մահացել է Հայաստանում,-խմբ.):