Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Իրանի մարդասիրական օգնությունը Սյունիք է հասել

Իրանի իշխանությունները ԼՂ–ից բռնի տեղահանվածներին սնունդ, հիգիենայի պարագաներ և ջեռուցիչներ են ուղարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Իրանը ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար 60 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 50 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստանի Հանրապետություն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։
Ինչպես հայտնում է Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը, բեռն արդեն հասցվել է Կապան։ Այնտեղ բեռը դիմավորել են մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Իրանի իշխանությունները ԼՂ բռնի տեղահանվածներին սնունդ, հիգիենայի պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ և այլ իրեր են ուղարկել։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։