Հույս ունեմ` Հայաստանը և Ադրբեջանը կմասնակցեն ԱՊՀ գագաթնաժողովին. գլխավոր քարտուղար

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը. Արխիվային լուսանկար
Լեբեդևը նշել է, որ ԱՊՀ գործադիր կոմիտեն տեղեկություն ունի միայն Ուկրաինայի և Մոլդովայի մասով, որոնք հրաժարվել են մասնակցել գագաթնաժողովին, այլ երկրների հետ կապված նման տեղեկություններ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն ակնկալում է, որ ԱՊՀ անդամ բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, կմասնակցեն Բիշքեկում կայանալիք պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Այս մասին Մինսկում` լրագրողների հետ զրույցում ասել է Լեբեդևը։
«Երկրների մեծ մասը հաստատել է իրենց մասնակցությունը, ինչ վերաբերում է Ուկրաինայի և Մոլդովայի ներկայությանը, ապա նրանք ներկայացված չեն լինի պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ինչպես նաև արտգործնախարարների խորհրդի նիստին։ Նրանք ձեռնպահ են մնում մասնակցելուց, թեև դե յուրե մնում են ԱՊՀ անդամ»,- ասել է Լեբեդևը։
Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին Բիշքեկում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր ներկայության մասին հարցին՝ Լեբեդևը նշել է, որ համագործակցության գործադիր կոմիտեն տեղեկություն ունի միայն Ուկրաինայի և Մոլդովայի հրաժարվելու մասին, այլ երկրների հետ կապված նման տեղեկություններ չկան։
«Ինչ վերաբերում է մնացած երկրներին, մենք նման տեղեկություն չունենք, որ որևէ մեկը կհրաժարվի մասնակցությունից: Համենայնդեպս, այն տեղեկատվությունը, որը մենք հիմա ունենք, հուշում է, և մենք հուսով ենք, որ երկրների մեծ մասը ներկայացված կլինեն գագաթնաժողովում»,- հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը:
Խորհրդի նիստը Ղրղզստանի մայրաքաղաքում նախատեսված է հոկտեմբերի 13-ին։ Մինչ այդ տեղի կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։