ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը չի խաթարում Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, սակայն նման որոշումը ոչ բարեկամական քայլ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ: Այս մասին իր Telegram ալիքում գրել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը։
«Ես վստահ եմ, որ ոչ մի ուժի չի հաջողվի ոչնչացնել ռուս և հայ ժողովրդի դարավոր բարեկամությունը»,-գրել է Վորոբյովը՝ հավելելով, որ այդ որոշումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:
Վորոբյովի խոսքով՝ ՀՀ պատգամավորների որոշումը քանդում է այն կառուցողական և վստահելի հարաբերությունները, որոնք ստեղծվել են ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում:
Այսօր ՀՀ ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը: Դեմ քվեարկեցին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որոնք բոյկոտեցին ընդունման քննարկումը, սակայն ներկայացան քվեարկությանը:
Խորհրդարանի կողմից փաստաթղթի վավերացումից հետո այն պետք է ստորագրի երկրի նախագահը, փաստաթուղթը ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերի ավարտից 60 օր հետո:
2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը սկսել է ՄՔԴ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը՝ դա բացատրելով նրանով, որ Երևանը նոր կարգավիճակով կկարողանա դատարանի առջև բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-22 թվականներին ՀՀ տարածք ներխուժումների ընթացքում)։
2023 թվականի մարտի 24-ին ՍԴ-ն Հռոմի ստատուտը ճանաչել է երկրի հիմնական օրենքին համապատասխան։ Մոսկվան խիստ բացասաբար է ընդունել դրան միանալու` պաշտոնական Երևանի ծրագրերը։
Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ դա ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար, քանի որ «հայ գործընկերներին ի սկզբանե հասցվել է Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացման անընդունելիության մասին դիրքորոշումը այն պայմաններում, երբ այդ կառույցի կողմից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության «ձերբակալման օրդերներ» են տրվել»:
Հայաստանի պաշտոնյաներն իրենց հերթին վստահեցնում են, որ վավերացումը ուղղված չէ ՌԴ-ի դեմ, իսկ Երևանն իրավիճակի վերաբերյալ մի շարք առաջարկներ է ուղարկել Մոսկվային: