ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացումը, որի համար քվեարկել է Հայաստանի ԱԺ–ն, ակնհայտ ոչ բարեկամական քայլ է Ռուսաստանի նկատմամբ։ Ցանկացած պետության համար դա նշանակում է նաև իրավական ինքնորոշման կորուստ։ Այսպիսի հայտարարություն է արել Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։
Հայաստանի խորհրդարանը սեպտեմբերի 3-ին կայացած նիստում վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։
«Հռոմի կանոնադրության վավերացումը ցանկացած երկրի համար նշանակում է ոչ այլ ինչ, քան իրավական ինքնիշխանության կորուստ։ Դա ինքնին նվաստացուցիչ է։ Հենց այդ պատճառով Միջազգային քրեական դատարանին չեն միանում իսկական ինքնիշխան պետությունները, ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Հնդկաստանը, Չինաստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Իրանը և այլն»,– իր Telegram ալիքում գրել է Կոսաչովը։
Ի պաշտպանություն Հայաստանի իրավական ստրկացման թեզի՝ Դաշնության խորհրդի փոխնախագահը 2 հանգամանք է բերել։ Նա նշել է, որ առաջինը կապված է այն բանի հետ, ՄՔԴ-ն իրավունք ունի իր իրավասությունն իրականացնել միացած պետությունների տարածքում ոչ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից իրավիճակների փոխանցման հիման վրա, այլև մասնակից պետությունների խնդրանքով:
«Միամտություն է կարծել, թե այդպիսով Հայաստանը կկարողանա լուծել Ադրբեջանի հետ հակամարտության գոտում ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննության հարցերը։ ՄՔԴ–ի նախադեպային պրակտիկան բազմիցս ցույց է տվել հակառակը, այն է` միջամտություն մասնակից պետությունների ներքին գործերին։ Ի վերջո, ապագայում վավերացման մասին այսօրվա որոշումը կարող է փոխվել հենց Հայաստանի իշխանությունների դեմ»,– կարծում է քաղաքական գործիչը։
Կոսաչովն ընդգծել է, որ բացի դրանից, չնայած Հռոմի կանոնադրության նախաբանում նշված է, որ ՄՔԴ–ն լրացնում է քրեական արդարադատության ազգային մարմինները, սակայն փաստաթղթի տեքստը պարունակում է դրույթներ, որոնք սահմանափակում են մասնակից պետությունների քրեական իրավասությունը։
Խորհրդարանականը նշել է, որ յուրաքանչյուր հստակ դեպքում Հաագայի դատավորները կպարզեն` այս կամ այն իրավիճակը պատշաճ կերպով քրեական հետապնդում հարուցելու` Հայաստանի անկարողության արդյո՞ւնք է, թե՞ ոչ։
Այսօր ՀՀ ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը: Դեմ քվեարկեցին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որոնք բոյկոտեցին ընդունման քննարկումը, սակայն ներկայացան քվեարկությանը:
Խորհրդարանի կողմից փաստաթղթի վավերացումից հետո այն պետք է ստորագրի երկրի նախագահը, փաստաթուղթը ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերի ավարտից 60 օր հետո:
2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը սկսել է ՄՔԴ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը՝ դա բացատրելով նրանով, որ Երևանը նոր կարգավիճակով կկարողանա դատարանի առջև բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-22 թվականներին ՀՀ տարածք ներխուժումների ընթացքում)։
2023 թվականի մարտի 24-ին ՍԴ-ն Հռոմի ստատուտը ճանաչել է երկրի հիմնական օրենքին համապատասխան։ Մոսկվան խիստ բացասաբար է ընդունել դրան միանալու` պաշտոնական Երևանի ծրագրերը։
Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ դա ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար, քանի որ «հայ գործընկերներին ի սկզբանե հասցվել է Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացման անընդունելիության մասին դիրքորոշումը այն պայմաններում, երբ այդ կառույցի կողմից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության «ձերբակալման օրդերներ» են տրվել»:
Հայաստանի պաշտոնյաներն իրենց հերթին վստահեցնում են, որ վավերացումը ուղղված չէ ՌԴ-ի դեմ, իսկ Երևանն իրավիճակի վերաբերյալ մի շարք առաջարկներ է ուղարկել Մոսկվային: