ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը միտված չէ անբարյացակամ գործողության Ռուսաստանի կամ նրա ղեկավարի նկատմամբ։ Այսօր ԱԺ–ում նիստի ժամանակ այս հայտարարությունն է արել փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հակոբ Արշակյանը` անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման հարցի շուրջ հնչած գնահատականներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ–ն այսօր 60 կողմ, 22 դեմ քվեներով վավերացրեց Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։
«Հայաստանը մշտապես մեծ ուշադրության է արժանացնում Ռուսաստանի հետ ունեցած մեր հարաբերություններին։ Շատ կարևոր է, որ այդ հարաբերությունները հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, արժանապատվության, ինչպես նաև միմյանց նկատմամբ իրավական պարտավորությունների կատարման սկզբունքների վրա։ Մենք միտված չենք որևէ անբարյացակամ գործողության Ռուսաստանի կամ նրա ղեկավարի նկատմամբ, ինչում, ցավոք, մեզ փորձում են մեղադրել ռուսաստանյան մեր գործընկերները»,– նշել է Արշակյանը։
ԱԺ փոխնախագահը շեշտել է` հայաստանյան ընդդիմության որոշ գործիչներ էլ փորձ են անում միջպետական լարվածություն ստեղծելու միջոցով դիվիդենտներ շահել քաղաքական ասպարեզում։
Նա ընդգծել է` տվյալ նախագիծը բխում է Հայաստանի շահերից, և կա մեխանիզմ, որով լուծվում են բոլոր երկկողմ հարցերը։
«Այդ մեխանիզմի իրագործման համար հարցի՝ կառավարության դաշտում գտնվելու հավելյալ ժամանակը, ցավոք, նույնպես չօգտագործվեց։ Երկկողմ համաձայնագիր ստորագրելու հնարավորությունն այսօր էլ կա։ Հուսով եմ, որ Ռուսաստանի մեր գործընկերները չեն շարունակի այն անտեսել։ Տարաձայնություններ և լարվածություններ լինում են բոլոր գործընկերների, բարեկամների և հարազատների միջև: Թվացող լարվածությունը ժամանակավոր է, և վստահ եմ, որ այն կպարզաբանվի և կհաղթահարվի»,– ասաց Արշակյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ–ում խիստ բացասաբար են ընդունել Հռոմի ստատուտի վավերացումը, հատկապես որ ՄԱԿ–ի միջազգային քրեական դատարանի կողմից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը ձերբակալելու օրդեր է տրվել։ Մինչդեռ ՀՀ պաշտոնյաներն իրենց հերթին վստահեցնում են, որ Հռոմի ստատուտի վավերացումը ՌԴ–ի դեմ չէ, և պաշտոնական Երևանն իրավիճակի վերաբերյալ մի շարք առաջարկներ է ուղարկել Մոսկվա: