ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է Ազատում զինվորների մահվան գործը կոծկելու համար. փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զինվորականների մահվան գործը կոծկելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց զոհվածների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը:
Նորիկյանի խոսքով ՝ հոկտեմբերի 4-ին Վարդենիսում տեղի կունենա զոհված զինծառայողների գործով նիստ: Քննությունն ավարտվել է օգոստոսի վերջին.ամսի 29-ին քննիչն էլեկտրոնային փոստով ուղարկել է քրեական գործի 22 հատոր (մոտ 300-ական էջ)՝ սկանավորված տեսքով:
«Ընդ որում, իմ միջոցով ծնողներին հայտնել են, որ գործի նյութերին ծանոթանալու համար 3 օր ունեն։ Դրանից հետո նրանք կարող են ներկայացնել միջնորդություններ կամ բողոքներ ՝ դրանց առկայության դեպքում», - ասաց Նորիկյանը։
Օգոստոսի 30-ին փաստաբանը ծնողների հետ հանդիպել է քննիչին և պահանջել համարժեք ժամանակ տրամադրել նյութերին ծանոթանալու համար, որոնց ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 7000 էջ: Քննիչը, սակայն, Նորիկյանի խոսքով, հրաժարվել է։ Դրանից հետո տուժող կողմը միջնորդություն է ուղարկել դատախազություն ՝ քննիչին փոխելու համար։
«Սեպտեմբերի 1-ին ստացվել է դատախազի որոշումը միջնորդությունը մերժելու մասին։ Եվ, ըստ էության, նույն օրը գործն ուղարկվել է դատարան», - ասաց Նորիկյանը։
Նրա խոսքով ՝ դատախազությունն ու նախաքննական մարմինը անհիմն շտապողականություն, անհասկանալի շահագրգռվածություն են ցուցաբերել գործը դատարան ուղարկելու հարցում՝ կոպտորեն խախտելով տուժածների իրավունքները:
«Պետության կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի այդ հանցագործությունը մինչև վերջ չբացահայտվի, չբացահայտվեն մեղավորները, իսկ պաշտոնական վարկածը բյուրեղացվի և մատուցվի հանրությանը», - ասաց Նորիկյանը:
Նա հայտնեց, որ ծնողները չեն բացառել լրացուցիչ ստուգում անցկացնելու միջնորդության հնարավորությունը՝ առաջին հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո: Բայց նրանք զրկված էին այդ հնարավորությունից։
«Տուժող կողմը պատասխանատու կերպով հայտարարում է, որ այս գործով իրավասու մարմինների կողմից ամեն ինչ արվել է ծածկադմբոց անելու, իրականցվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ճշմարտության բացահայտման ուղղությամբ որևէ իրական քայլ չկատարվի»,-ասաց Նորիկյանը:
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։