ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր – Sputnik. Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ապագա պայմանագրի կնքման համար, որը ՀՀ–ին ռազմական տեխնիկա տրամադրելու հնարավորություն կտա։ Այսօր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։
«Սա արվում է, որպեսզի ՀՀ–ն կարողանա ապահովել իր պաշտպանությունը։ Բայց այս պահին մանրամասներ չեմ կարող ասել»,– ասաց նա։
Կոլոննան հայտնեց նաև, որ պաշտոնապես դիմել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելին` ՀՀ–ում դիտորդական առաքելությունը ընդլայնելու և մանդատը հզորացնելու խնդրանքով, որպեսզի նրանք կարողանան ավելի օգտակար լինել։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
Առաքելությունը գործող գրասենյակներ ունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, ինչպես նաև կապի և աջակցության գրասենյակ Երևանում: