Էստոնիան Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց օգնության գրասենյակ է բացել Երևանում

Արցախից տեղահանվածներ
Նախատեսվում է բազմաթիրախային դրամական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Էստոնիայի փախստականների օգնության խորհուրդը Երևանում ներկայացուցչություն է բացել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու համար: Տեղեկությունը հայտնում է Էստոնիայի պետական հեռուստառադիոընկերության կայքը։
«Պաշտոնական ներկայացուցչությունը հաջողությամբ գրանցվել է, մենք կարող ենք սկսել մարդասիրական օգնության տրամադրումը», - ասել է խորհրդի ղեկավար Էերո Յանսոնը:
Նախատեսվում է բազմաթիրախային դրամական օգնություն ցուցաբերել առավել խոցելի վիճակում գտնվող տեղահանվածներին, ինչպես նաև դրամական սուբսիդիաներ հատկացնել գյուղատնտեսական ոլորտի նախաձեռնությունների և փոքր բիզնեսի զարգացման համար։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։