ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ-ն առաջընթաց է ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հարցում։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան աղբյուրը։
«Ինչ վերաբերում է սահմանագծմանը, ապա նախորդ ամիսներին մեծ աշխատանք է արվել։ Մենք ցանկանում էինք ապագա քայլերի առնչությամբ պայմանավորվածություն ձեռք բերել, թե ինչ հիմքով է առաջ ընթանալու սահմանագծումը, ինչ քարտեզներով ու սկզբունքով»,– ասել է աղբյուրը։
Նա հաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները` Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, Գրանադայում մասնակցելու են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
«Նախորդ շաբաթ ակտիվ շփումներ են եղել... Մենք ուսումնասիրում ենք այն հարցը` արդյոք հնարավոր է առաջ շարժվել` չնայած «երկրի վրա» ծանր իրավիճակին»,– ասել է աղբյուրը։
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ հաջողվել է հասնել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։