Հոսքը խիստ նվազել է. Արցախից բռնի տեղահանված անձանց թիվն ավելացել է 8-ով

Տեղահանվածներից 91 924–ն արդեն հաշվառվել են, նրանց կեսն ապահովվել է ժամանակավոր կացարանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 625 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ։ Ասուլիսի ժամանակ այս տվյալները հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է։ Հակարիի կամուրջը հատել է 21 195 տրանսպորտային միջոց»,– նշեց նա։
Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ՀՀ մուտք գործած անձանցից 91 924–ն արդեն հաշվառվել են, նրանց կեսն ապահովվել է ժամանակավոր կացարանով։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։