ԱՊՀ-ն կշարունակի աշխատանքը առևտրում արգելքների վերացման ուղղությամբ. Լեբեդև

ԱՊՀ դրոշներ
Մինսկում ընթանում է կանոնադրական և այլ մարմիններին կից ԱՊՀ մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. ԱՊՀ-ում ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի իրականացման հարցում որոշակի խնդիրներ կան, սակայն Համագործակցությունում աշխատանքներ են տարվում խոչընդոտները հնարավորինս վերացնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Պայմանագիրն իրագործվում է և, կարելի է ասել, հաջողությամբ։ Թեև խնդիրներ էլ կան։ Չնայած այն հանգամանքին, որ պայմանագիրը զգալիորեն նպաստել է փոխադարձ առևտրի ծավալների ավելացմանը, վերացրել է փոխադարձ առևտրի շատ սահմանափակումներ, առանձին խոչընդոտներ, այնուամենայնիվ, մնում են»,-ասել է Լեբեդևը։
Նրա խոսքով՝ տարբեր պետություններ պարբերաբար դիմում են սահմանափակումների։
«Կարծես թե հիմնավորված է՝ ազգային շահերի պաշտպանություն։ Բայց ԱՊՀ գործադիր կոմիտեն, համապատասխան կառույցների՝ էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչները համատեղ միջոցառումներ են ձեռնարկում փոխադարձ առևտրում սահմանափակումների լիակատար վերացման համար»,-ասել է Լեբեդևը։
Նա հույս է հայտնել, որ այդ աշխատանքը ցանկալի արդյունք կտա։
Մինսկում ընթանում է ԱՊՀ մասնակից պետությունների Կանոնադրական և այլ մարմիններին կից մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստը: