ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը հեռացել է Դաշնային խորհրդից` հաշվի առնելով իր տարիքը։ Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին։
Ավելի վաղ 94-ամյա քաղաքական գործիչը վաղաժամ հրաժարական էր տվել Բելգորոդի մարզի սենատորի պաշտոնից։
«Անձնագիրս նայեցի և ասացի «բավական է»», – ասել է Ռիժկովը։
Նա նշել է, որ վաղ թե ուշ ամեն ինչ ավարտվում է։
Ռիժկովը հայտնել է նաև, որ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյից առաջարկ է ստացել հասարակական հիմունքներով դառնալ իր խորհրդականը։
«Եթե առաջարկն ուժի մեջ լինի, ինձ համար հետաքրքիր կլինի աշխատել Դաշնային խորհրդում», – ասել է քաղաքական գործիչը։
Ռիժկովը ամենատարեց սենատորն է, նա 94 տարեկան է։ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահը Բելգորոդի մարզի կառավարությունը Դաշնային խորհրդում ներկայացնում էր 20 տարի` սկսած 2003 թվականից։
1985-1991 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ նախարարների խորհրդի ղեկավարի պաշտոնը։ 1986 թվականին գլխավորել Չեռնոբիլի ԱԷԿ–ի վթարի հետևանքների վերացման շտաբը, 1988 թվականին համակարգել է նման աշխատանքներ ՀՀ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո։