ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն չափազանց լուրջ է վերաբերվում Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության մասին պնդումներին, սակայն առայժմ ոչինչ չի կարող ասել, ճեպազրույցի ժամանակ նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
Նրա խոսքով` հավասարակշռված վճիռ կայացնելու համար ապացույցների վրա հիմնված հանգամանալից գործընթաց է անհրաժեշտ։
«Մենք չենք խուսափի պատշաճ միջոցներ ձեռնարկելուց` ի պատասխան վայրագությունների մասին պնդումների, և կնպաստենք, որ պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր մեղավոր են դրա համար, երբ տեսնենք, որ դրանք տեղի են ունեցել»,-ասել է նա:
Միլլերի խոսքով` Վաշինգտոնը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի համար միջազգային դիտորդական առաքելության շուտափույթ ձևավորման օգտին: Դա թույլ կտա երաշխավորել այն հայերի իրավունքները, որոնք կցանկանան վերադառնալ, եթե հանգամանքները թույլ տան։ Առայժմ հնարավոր չէ ասել, թե քանի մարդ է մտադիր ընդմիշտ մնալ Հայաստանում, իսկ քանի տոկոսը կարող են որոշել ամեն դեպքում վերադառնալ։
Նշենք, որ հայկական կողմն ավելի վաղ՝ դեռևս շրջափակման շրջանում, բազմիցս պնդել էր, որ ՄԱԿ-ի առաքելությունը պետք է ուղարկվի Լեռնային Ղարաբաղ։ Այժմ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնիկ բնակչությունը լքել է իր տները։ Առաքելությունը դրանից հետո է միայն ժամանել ԼՂ։
Ավելին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հոկտեմբերի 2–ին հայտարարել էր, որ մեկ օրում ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման որևէ նշան չի հայտնաբերել, չի ստացել խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություն կիրառելու մասին որևէ հաղորդագրություն, չեն հայտնաբերել սատկած ընտանի կենդանիներ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։