2024 թ. հունվարի 1–ից առաջին ատյանի 206 դատավորի աշխատավարձ կհավելվի 60 տոկոսով. նախագիծ

Դատավորի մուրճ
Փոխնախարարի հիմնավորմամբ` այս նախագծի ընդունումը երաշխավորում է դատավորների անկախությունը` առկա թափուր պաշտոնները համալրելու համար բարձր որակավորումներ ունեցող անձանց համար գրավչություն ապահովելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է 2024 թ. հունվարի 1–ից 60 տոկոսով հավելել ՀՀ առաջին ատյանի դատարանների, սնանկության և վարչական դատարանի դատավորների աշխատավարձը։ ՀՀ Ազգային ժողովում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը։
Նա նշեց, որ ՀՀ առաջին ատյանի 206 դատավորն ընդհանուր դատական համակարգի 66 տոկոսն են կազմում, և 2024 թ. հունվարի 1–ից նախատեսվող աշխատավարձի 60 տոկոս հավելումը ՀՀ պետական բյուջեից կպահանջի մոտավոր 1 մլրդ 400 մլն դրամի նոր ծախս։
«Դատական համակարգում ծանրաբեռնվածության ամենամեծ բեռը կրում են հենց առաջին ատյանի դատարանները։ Նախկինում հավելումներ են եղել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար, վերանայվել են նաև ՀՀ վճռաբեկ և ՀՀ սահմանադրական դատարանների դատավորների համար»,– նկատեց Բալյանը։
Փոխնախարարի հիմնավորմամբ` այս նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ առաջին ատյանի դատավորների վարձատրության վերանայմամբ, ինչպես նաև երաշխավորում է դատավորների անկախությունը առկա թափուր պաշտոնները համալրելու համար բարձր որակավորումներ ունեցող անձանց համար գրավչություն ապահովելու համար։