ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Զոհված զինծառայողն է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արամ Տիգրանի Քոչարյանը:
Վիրավոր 2 զինծառայողների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, նրանք տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:
«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ նաև սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում։