Ռուբեն Վարդանյանի զավակները հայտարարություն են տարածել

Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարարի զավակները խնդրում են պաշտպանել իրենց հոր և անօրինական կերպով կալանավորված բոլոր հայերի իրավունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, քաղաքական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանի զավակները կոչով դիմել են միջազգային հանրությանը` խնդրելով հրատապ քայլեր ձեռնարկել իրենց հորն ու մյուս հայերին Բաքվի ապօրինի կալանավորումից ազատելու համար։ Քաղաքական գործչի 4 զավակները հայտարարություն են տարածել։
«Մեր հոր հետ կապ չենք կարողանում հաստատել նրա առևանգումից ի վեր և չափազանց անհանգստացած ենք նրա առողջության և կյանքի համար: Չենք ցանկանում, որ նա դառնա տարածաշրջանում քաղաքական լարվածության ևս մեկ զոհ, հատկապես որ նրա առաքելությունը մշտապես եղել է հենց այդ նույն լարվածության նվազեցումը»,– ասված է հայտարարությունում։
Նրանք կոչ են արել միջազգային կառույցներին և հանրությանը, որպեսզի վերջիններս պաշտպանեն Ռուբեն Վարդանյանի և անօրինական կերպով կալանավորված բոլոր հայերի իրավունքները և իրենք էլ իրենց հերթին կոչ անեն Ադրբեջանին շուտափույթ, անվտանգ և առանց վերապահումների ազատ արձակել նրանց:
Ռուբեն Վարդանյանի գործի պատշաճ քննությունը երաշխավորված չէ. ՀՀ ՄԻՊ
Վարդանյանի զավակները նշել են, որ իրենց հայրը մարդասիրական գործիչ է և երբեք ներգրավված չի եղել ռազմական գործունեության մեջ։ Նրանք հիշեցրել են, որ իրենց հայրը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է, մեծ ներդրումներ է արել տարածաշրջանի կրթության և մշակույթի պահպանման, եկեղեցիների վերանորոգման, ինչպես նաև Շուշիի մզկիթի վերականգնման գործում:
«Մարդասիրության ոլորտում հայտնի և ակտիվ հայ առաջնորդն այս պահին հայտնվել է ձգձգված քաղաքական հակամարտության և ոչ թափանցիկ արդարադատության համակարգի զոհի կարգավիճակում: Մեզ զորակցում են, ինչի համար շնորհակալ ենք, բայց չենք կարող հանգիստ լինել, քանի դեռ մեր հայրը և մյուս գերիներն ազատ չեն արձակվել։ Օր օրի ավելի է մեծանում վտանգը, որ նա կարող է այլևս երբեք չմիանալ մեր ընտանիքին»,– ընդգծել են նրանք:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, երբ նա փորձել է լքել Արցախը։ Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, և ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։